Արմինֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման դեպքում կիրականացվեն ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները:
"Այդ տարածաշրջանը կարելի է անվանել հանգուցային՝ բառիս բուն իմաստով, եւս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կիրականացվեն այն խաղաղության նախաձեռնությունները, որոնք կողմերը մշակել են Ռուսաստանի հետ համատեղ",- ասել է նա Sputnik ռադիոյի եթերում:
Զախարովան "լպիրշություն" է անվանել Հարավային Կովկասի իրավիճակի մեջ ներդրվելու Արեւմուտքի փորձերը։ Նրա խոսքով ՝ նման քաղաքականություն վարվում է ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ՝ "ճիշտ հակառակ նպատակներով"։ "Ցավոք, այստեղ էլ մենք նման միտում ենք տեսնում երկար տարիներ։ Այժմ արեւմտականներն ավելի են ակտիվացել", - հավելել է ռուս դիվանագետը, հիշեցնելով, որ արեւմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան, ընդ որում, "հավաքական Արեւմուտքի պատճառով, նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է": "Ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ եղել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, վիճակը լավացել է", - ասել է Զախարովան:
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը Հայաստանի տարածքում, որը առաջ է մղվում Եվրամիության կողմից, շատ հարցեր է առաջացնում՝ նրա լեգիտիմության տեսանկյունից: "Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն բացահայտ չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում ՝ առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ հարուցող իր, այսպես կոչված, առաքելությունը ՀՀ տարածքում։ Նրան շատ հարցեր կան, այդ թվում ՝ գործառույթների, մանդատի, տեւողության, ավելացված արժեքի տեսանկյունից, որը նա կարող է ներդնել երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում", - հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ղեկավարը։