Արմինֆո.Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ձեռնպահ է մնացել Հայաստանի դեմ Ադրբեջանի նախաձեռնած արբիտրաժային գործընթացին գնահատական տալուց։
Փետրվարի 28-ին ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում էներգառեսուրսների, իբր, անօրինական օգտագործման համար Բաքվի կողմից Երևանի նկատմամբ նախաձեռնված արբիտրաժային գործընթացի և հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի վրա դրա հնարավոր ազդեցության մասին հարցին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ասել է. "Ռուսաստանն այն դիրքորոշումն ունի, որ դա երկկողմ հարց է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ընտրվել է ուղի, որն իր մեջ ներառում է դատական ընթացակարգեր։ Սպասում ենք":
Իր հերթին՝ ԱՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ դա միակ արբիտրաժային դատավարությունը չէ, որն իրենք բարձրացրել են Հայաստանի հետ միջպետական հարաբերություններում: Նա հավելել է, որ իրենք ապացույցներ են հավաքել երկու տարի, և այժմ դրանք արդեն ներկայացվել են։ Ընդ որում, նա վստահեցրել է, որ այդ գործընթացն ընդհանուր ոչինչ չունի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացի հետ։ Բայրամովը պնդում է, որ դրանք երկու տարբեր ուղղություններ են։ Միեւնույն ժամանակ, ադրբեջանցի նախարարը, ըստ երեւույթին, այդպես էլ չհասկանալով "պատմական" տերմինի իմաստը, հավաստիացրել է, որ "դրանք պատմական պահանջներ են Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար": "Խաղաղության պայմանագիրն այն է, թե ինչպես ենք մենք նայում ապագային: Մենք չէինք խառնի այս երկու գործընթացները", - ամփոփել է նա: