
Արմինֆո.ՄԱԿ-ի փորձագետները գնահատում են Հայաստանի հանձնառությունը պայքարելու վարձկանների և մասնավոր պահնորդային ընկերությունների օգտագործմամբ մարդու իրավունքների խախտման դեմ՝ խրախուսելով առավել ընդարձակ վերահսկողություն և մարդու իրավունքների ավելի խորը ինտեգրում ազգային քաղաքականություններում։
ՄԱԿ կայքի հաղորդագրության համաձայն, Հայաստան կատարած ութնօրյա այցելության ընթացքում, վարձկանների, մասնավոր ռազմական և պահնորդային ընկերությունների օգտագործման ՄԱԿ-ի աշխատանքային խումբը տեղեկություններ է հավաքագրել այն օրենքների ու ենթաօրենսդրության վերաբերյալ, որոնք քրեականացնում են վարձկանների գործողությունները։ Խումբը նաև հաշվի է առել մասնավոր պահնորդային ընկերությունների գործունեությունը և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վրա։
Այցելության ավարտին հրապարակված հայտարարությամբ ՝ փորձագետները նշել են, որ «Հայաստանը առանձնանում է իր ջանքերով՝ ուղղված արտացոլելու Վարձկանների մասին ՄԱԿ-ի 1989թ-ի կոնվենցիայի դրույթները ազգային օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածում, որով, միջազգային իրավունքին համապատասխան, սահմանվում է վարձկանությունը։ Փորձագետները տեղեկություններ են ստացել, որ Կապանում տեղի ունեցած դատական լսումների ընթացքում, մարզի առաջին ատյանի դատարանը կիրառել է վարձկանությունը քրեականացնող օրենսդրական դրույթները և պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած դաժանություններին մասնակցելու համար մեղադրանք ներկայացրել սիրիացի երկու վարձկանների։ Երկուսն էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման, սակայն մի դատավարության ընթացքում, որ տևել է մեկ օր՝ 2021թ-ի մայիս ամսվա ընթացքում։
Փորձագետները նաև ընդգծել են, որ տվյալ օրենսդրական կարգավորումների կիրարկումը դեռ զարգացման վաղ փուլում է և հորդորել Հայաստանի դատական իշխանությանը ապագայում հաշվի առնել առավել զոհակենտրոն մոտեցումներ։ Փորձագետները նաև տեղեկություններ են ստացել երկրում մասնավոր պահնորդային ընկերությունների օգտագործման վերաբերյալ։
Աշխատանքային խումբը նշել է․ «Մենք ողջունում ենք Մասնավոր պահնորդային ընկերությունների մասին օրենքում փոփոխությունների կատարումը, որոնցով ստեղծվել է հստակ օրենսդրական դաշտ մասնավոր պահնորդային ծառայություններ տրամադրող ընկերությունների լիցենզավորման և ցույցերի ու հավաքների ընթացքում մշտադիտարկման իրականացման համար»։
Փորձագետները նաև հաշվի են առել, որ Հայաստանը նախաձեռնել է բարեփոխումներ կիբերանվտանգության ոլորտում և նշել․ «Հորդորում ենք կառավարությանը ապահովել կիբերանվտանգության ոլորտում մասնավոր պահնորդային ընկերությունների գործողությունների համապատասխանությունը մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին»։
Հաշվի առնելով տնտեսության արդյունահանող ճյուղերում մասնավոր պահնորդային ընկերությունների ծառայություններից օգտվելու դեպքերի ավելացումը՝ ՄԱԿ-ի փորձագետները մտահոգություն են հայտնել այն ենթադրությունների վերաբերյալ, որ վերաբերում են մասնավոր պահնորդային կապալառուների աշխատակիցների շփմանը ազդակիր համայնքների հետ՝ վերջիններիս կողմից կենսակերպի և մարդու իրավունքների նկատմամբ առաջացած ազդեցության վերաբերյալ ներկայացված բողոքների լույսի ներքո։
Փորձագետները հայտնել են հետևյալը․ «Խորհուրդ ենք տալիս ստեղծել մասնավոր պահնորդային ծառայությունների անկախ վերահսկողության մեխանիզմ։ Մասնավոր պահնորդների պարբերական ուսուցումը, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների և գենդերային զգայունության վերաբերյալ անհրաժեշտ է»։
Փորձագետների պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Երևանում, կառավարության, հասարակական կազմակերպությունների և իրավագետների հետ, ինչպես նաև այցելել ազդակիր համայնքներ՝ Գորիսում և Կապանում։ 2023թ-ի սեպտեմբերին, աշխատանքային խումբը, արված բացահայտումների և առաջարկությունների վերաբերյալ ամբողջական հաշվետվություն կներկայացնի Մարդու իրավունքների խորհրդին։