
Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ՝ Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում, ՙԵվրանեսթ՚ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
ՙՄենք չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանում, այլ փորձում ենք վեհաժողովի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գոյակցության և համագործակցության ընդլայնման գործին: Ասածիս վկայությունն է հայկական պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանում կայացած բազմաթիվ միջոցառումներին, ներառյալ՝ 2012 թվականի Բաքվի լիագումար նիստին:
Ցավում եմ, որ ադրբեջանական կողմն ընդառաջ չի գնում մեր կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված քայլերին:
Առավել մտահոգիչ է սակայն, որ մեր հարևան պետությունը ապակառուցողական և առավելապաշտական կեցվածք է դրսևորում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բուն գործընթացում՝ հետ կանգնելով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից, հետևողականորեն փորձելով կամ փոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, կամ էլ առաջ մղել պայմանագրի շուրջ բանակցությունների գաղափարը՝ առանց համաձայնության գալու հիմնարար սկզբունքների շուրջ: Մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ՝ Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում: Մինչդեռ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով:
Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հանրության, եվրոպական կառույցների աներկբա գնահատականը այդ երկրի նման գործելակերպին:
Անկախ Ադրբեջանի անիրատեսական պահանջներից և շփման գծում իրականացվող պարբերական սադրանքներից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Միջազգային հանրության մոտեցումը, հատկապես վերջին տարիներին, այն է, որ եվրոպական ու համամարդկային արժեքների վրա հիմնված` ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունեն: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ևս այդ իրավունքի ազատ իրականացումն է, որ կարող է հանգեցնել այս հարցի համապարփակ լուծմանը: Այդ մոտեցումն է ընկած նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առաջարկությունների հիմքում՚,- ասել է Սերժ Սարգսյանը: