Արմինֆո. Մոսկվայում կայացել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լին Թրեյսին հիշեցրել է 2022 թվականին Ադրբեջան կատարած իր այցի մասին և ընդգծել, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը լավագույն տպավորություններ է թողել իր վրա։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմամբ, այդ թվում՝ ադրբեջանահայկական հարաբերությունների շուտափույթ կարգավորմամբ:
Անդրադառնալով ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին՝ Փոլադ Բյուլբյուլօղլուն նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ և ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հակամարտության մանրամասների, "նրա պատմության, բազմամյա և ապարդյուն բանակցային գործընթացի, հակամարտության վերաբերյալ ընդունված բազմաթիվ փաստաթղթերի էության մասին":
Փոխըմբռնման ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Նշելով դեսպանությունների միջև երկկողմ կապերի հաստատմամբ շահագրգռվածությունը՝ տիկին դեսպանն ընդգծել է ապագայում նման հանդիպումների անցկացման կարևորությունը։