Արմինֆո.Փետրվարի 23-ին Սիրիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Հալեպ: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը:
Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Շաար շրջան, որտեղ երկրաշարժին հաջորդած օրերին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՀՀ փրկարարները, և ծանոթացել իրավիճակին:
Նախարար Միրզոյանը Հալեպում հանդիպում է ունեցել նաև «Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան Թուրքիայում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Սիրիայում, որը նույնպես լրջորեն տուժել է երկրաշարժից. զոհվել է մոտ 8500 քաղաքացի: Ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար Հայաստանը Սիրիա է ուղարկել 29 փրկարար: Բացի այդ, փետրվարի 8-ին և 14-ին ՀՀ-ն մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ է ուղարկել Սիրիա։