
Գործող Սահմանադրությունից հրաժարվելու եւ կառավարման «խորհրդարանական համակարգին անցնելու»՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը մեկ նպատակ է հետապնդում. վերացնել անձնական փաստական իշխանության երկարաձգման սահմանադրական արգելքը։ Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
«Այս նպատակին հասնելու համար է, որ Ս.Սարգսյանը փետրվարի 12-ից պետական ահաբեկչական գործողություններ ծավալեց ընդդիմության նկատմամբ: Կոպտորեն, ուժի ու շանտաժի կիրառմամբ խախտվեցին Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ Մարդու հիմնարար՝ միավորումների մեջ ազատ ընդգրկվելու, ազատ հավաքների, խոսքի ազատության, տեղեկատվության տարածման եւ այլ իրավունքները:
Մասնավորապես, ա) քաղաքական գործիչներից ոմանց պարզապես արգելվեց զբաղվել քաղաքականությամբ, բ) ամենաբարձր մակարդակով իրավապահ եւ հարկային մարմիններին հանձնարարարություն տրվեց հաշվեհարդար տեսնել կոնկրետ քաղաքական ուժի եւ նրա ղեկավարի նկատմամբ, գ) ապօրինաբար արգելվեց հանրահավաքային շարքի մեկնարկային հանրահավաքը՝ ձախողելով նաեւ հաջորդները, դ) ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Կենտրոն» հեռուստատեսությանը պարտադրվեց նախագահական աշխատակազմի վերահսկողությունը եւ այլն», - ասվում է ՀԱԿ հայտարարությունում:
ՀԱԿ-ում կարծում են, որ մերժելով խնդիրները լուծելու քաղաքական միջոցները, կոպտորեն ոտնահարելով ՀՀ սահմանադրությունը՝ պետական ահաբեկչությամբ Ս.Սարգսյանը փորձեց կասեցնել իր իշխանության երկարաձգմանը դիմակայող համաժողովրդական, ժողովրդավարական շարժման ընթացքը: «Մարտի 12-ին, սահմանադրության փոփոխության իր տխրահռչակ նախաձեռնության առիթով, նա կազմակերպեց, այսպես կոչված, քաղաքական ուժերի «լայն կոնսոլիդացիայի» մի ներկայացում՝ չխորշելով դրանում ներգրավել ինչպես իր իսկ կողմից ծանր հարվածներ կրած քաղաքական ուժերի, այնպես էլ՝ մեկ անհատով, միայն սեփական անձը ներկայացնող «կուսակցությունների»: Քաղաքական ուժերի «լայն կոնսոլիդացիա» ներկայացված իմիտացիոն այս շոուի նպատակը Սահմանադրության փոխման գաղափարի շուրջ հանրային հավանության պատրանք ստեղծելն Էր», - ասվում է
հայտարարությունում:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում ամեն ինչ անելու է՝ երկրի Սահմանադրությունը բռնապետական ոտնձգություններից պաշտպանելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, խաթարված սահմանադրական կարգը վերականգնելու համար եւ կոչ է անում ողջ հասարակությանը, հասարակական բոլոր շերտերին եւ խավերին՝ համախմբվել եւ դիմագրավել երկրում բռնապետության հաստատման անթաքույց փորձին՝ սահմանադրական հանրաքվեն վերածելով Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու եւ գործող ռեժիմին իշխանությունից հեռացնելու համազգային գործընթացի: