Արմինֆո. Արցախի ղեկավարությունն արձագանքել է Հաագայի միջազգային դատարանի որոշումներին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի դիմումների վերաբերյալ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:
«Մեկ այլ որոշմամբ մերժել է Ադրբեջանի անհիմն պահանջը ականների վերաբերյալ: Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և այս վարույթում հայկական կողմից ներգրավված բոլոր անձանց՝ իրենց կարևորագույն առաքելության համար: Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում: Սա համարում եմ մեր միջազգային պայքարում կարևոր հանգրվան, և Հայաստանի Հանրապետության հետ միասին շարունակելու ենք հնարավորինս օգտագործել միջազգային իրավական բոլոր մեխանիզմները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Արցախի պետական մարմիններն ունեն իմ հստակ հանձնարարականը առավելագույնս աջակցելու այդ ջանքերին», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հարությունյանը:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանն, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանը պարտավոր է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու համար:
«Ինչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին: Իմ երախտագիտությունն եմ հայտնում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, ամբողջ թիմին, այն բոլոր մարդկանց, որոնք հսկայական աշխատանք են կատարել արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու ուղղությամբ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Վարդանյանը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, իր հերթին, ողջունելի է համարել, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: «Հպարտ եմ, որ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները և զեկույցները հիմք են դարձել ՀՀ կառավարության այդ հայցի և այս որոշման համար: Ողջունելի ու շատ կարևոր է նաև, որ դատարանն ամբողջությամբ ու միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ՝ ականների կեղծ թեմայով:
Տարօրինակ ու ցավալի է սակայն, որ դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ՝ ապացուցված չհամարելով, որ խափանումները տեղի են ունենում Ադրբեջանի կողմից: Այնինչ մենք չենք կարող համապարփակ ապացույցներ ներկայացնել դրա վերաբերյալ, քանի որ ընդհանրապես մուտք չունենք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այդ թվում՝ մեր կենսական ենթակառուցվածքների վնասման վայրեր: Ամեն դեպքում շատ կարևոր եմ համարում առաջին երկու որոշումները և կուզեի շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի թիմին՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, իրավաբանական թիմին և բոլոր անձանց, ովքեր ներդրում ունեն այս նշանակալի հաջողության մեջ: Պայքարը շարունակվում է, և մենք պետք է կարողանանք միջազգային հանրությանը պատշաճորեն ու հետևողականորեն ներկայացնել ադրբեջանական հանցագործությունները Արցախի ժողովրդի դեմ», - գրել է Ստեփանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: