

1.jpg)
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Ռիգայում հանդիում է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին խորհրդարանի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները բարձր են գնահատել պարբերական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը: Նրանք կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման համար Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը Երեւանում` ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացումը` կարեւորելով Լատվիայի ԵՄ խորհրդի նախագահության շրջանակներում Արեւելյան գագաթաժողովի անցկացումը մայիսի 21-22-ը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը:
Լատվիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպել Ռիգայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Կարեւորվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության դերը. ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին` Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար:
Նշենք,
որ այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ են
անցկացվել նաև Լիտվայում, Էստոնիայում և Չեխիայում:


