Արմինֆո. Սույն թվականի փետրվարի 20-ին, տեղական ժամանակով ժամը՝ 21։04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 17:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.13⁰ և արևելյան երկայնության 36.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Հաթայ նահանգի Անտիոք քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6․4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Հաթայում տեղի է ունեցել երկու երկրաշարժ. ժամը 20:04-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դեֆնե քաղաքի շրջանում, եւ 20: 07-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սամանդաղի շրջանում: Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումներ են զգացվել աղետի ողջ գոտում։ 6,4 մագնիտուդով ցնցումները գրանցվել են 16,7 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով փլուզվել են վնասված շենքերը։ Al - Arabiya-ի տեղեկություններով՝ Սիրիայի հյուսիսում գտնվող երկու քաղաքներում եւս նոր երկրաշարժի հետեւանքով տներ են փլվել, կան տուժածներ: Բացի այդ, թուրքական հեռուստատեսությամբ հաղորդել են Հաթայ նահանգում էլեկտրականության ամբողջական անջատման մասին։