Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն, ով Թեհրան էր ժամանել իրանցի գործընկերոջ (Ալի Բաղերի Կանիի) հետ քննարկման և մտքերի փոխանակման նպատակով, հանդիպել և զրուցել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլահիանի հետ:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ը, հանդիպման ժամանակ Գրուշկոն նշել է "երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում" համագործակցության զարգացման կարևորությունը:
Իր հերթին՝ Ամիր Աբդոլահիանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել, որ Իրանը պատրաստ է Թեհրանում անցկացնել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը ("երեք գումարած երեք"ձևաչափով):
Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել "3+3" խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ ՌԴ ԱԳՆ-ում նշել էին, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց: Այն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ նիստի ընթացքում քննարկվել են բազմապլան տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարները ։ "Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում նրա բոլոր մասնակիցների համար ։ Դրանց թվում են վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումները, փոխգործակցությունը առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում, ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդումը ։ Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել պլատֆորմի աշխատանքին Վրաստանի միանալու հարցում, որի համար "դուռը" բաց է մնում"։ Հանդիպման մասնակիցները նաեւ քննարկել են ապագայի համար աշխատանքի ծրագրերը՝ "պրոֆիլային նախարարությունների եւ գերատեսչությունների հնարավոր ընդգրկմամբ", - ասվում էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: