Արմինֆո.Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:
Ինչպես հաղորդել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար:
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և հայտնել ԵՄ պատրաստակամությունը` շարունակելու աջակցության ծրագրերը մեր երկրին:
Կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ-ում իրականացվելիք ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակին:
Մյունխենում տեղի է ունեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: