Նախագահ Սերժ
Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների
մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից
մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը,
տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
ՙՎստահ եմª տեղյակ եք, որ ինձ ներկայացված սահմանադրական
բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար ես բազմաթիվ
հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ
մասի հետ: Ինքս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել եմ հայեցակարգի նախագիծը և
դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:
Ես շարունակում եմ մնալ այն կայուն կարծիքին, որ մեր երկրի
համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են և, որ դրանք կարող են
իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում:
Անշուշտ, հայեցակարգն առաջադիմական փաստաթուղթ է, որի իրացումն
իսկապես կարող է նոր հնարավորություններ ապահովել Հայաստանի հետագա
ժողովրդավարական զարգացման համար: Ուստի, պետք է նշեմ, որ այս առումով ձեր կողմից
կատարվել է դրվատանքի արժանի լուրջ և հսկայածավալ աշխատանք, ինչի համար շնորհակալ
եմ:
Իհարկե, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու
վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ
են: Ավելինª նույն Վենետիկի հանձնաժողովը ևս գտնում է, որ կառավարման
խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում:
Միևնույն ժամանակ քաղաքական ուժերի հետ անցկացված
կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ այս հարցում չկան և օբյեկտիվորեն չեն էլ
կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ. կան կառավարման խորհրդարանական
համակարգին թե¯ կողմ, և թե¯ դեմ արտահայտվողներ, կան նաև ուժեր, որոնք վերջնական
կողմնորոշում ունենալու համար կարևորում են իրենց մասնակցությունն այս
գործընթացին, և այսպիսի ուժերը շատ ավելի մեծաթիվ են:
Այդուհանդերձ, պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ կառավարման
գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած
օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք
կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման
հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն
ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչª երկրի արտաքին
և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ
կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում: Պատահական չէ, որ
հայեցակարգում դուք ևս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման
համակարգի կայունության վերաբերյալ և առաջարկել այդ խնդրի լուծման նախնական
մոտեցումներ: Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող
ընդհանրության աստիճանը, այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ և լիարժեք
լինել:
Այս ամենով հանդերձ, ես քաղաքական հավանություն կտամ
հայեցակարգին, որովհետև համոզված եմ, որ պարտավոր ենք օգտագործել մեր պետության
համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն: Առավել ևս, որ իմ
հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի
հաստատման վերաբերյալ: Միաժամանակ խնդրում եմ ձեզ նախագծել սահմանադրական այնպիսի
կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական
մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության և կայունության հետ:
Սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս անհրաժեշտ
եմ համարում նաև մշակել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնագիտական
քննարկումներն ապահովող արդյունավետ ձևաչափ: Երեկ բոլորը դրա մասին շատ
հանգամանալից և հիմնավորված խոսում էին: Ինձ համար կարևոր է, որպեսզի նախագծի
մշակման բոլոր փուլերումª բաժին առ բաժին, գլուխ առ գլուխ հետադարձ կապի
սկզբունքով քննարկումներ լինեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ: Այստեղ ես
կարևորում եմ նաև, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք
կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ
անցկացնել նաև այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ, թե¯ կառավարման
խորհրդարանական համակարգին անցնելու, թե¯ գործող կառավարման համակարգի
կատարելագործված ձևը: Շատ հնարավոր է, որ դրանով բոլորը համոզվեն նոր ձևի
արդյունավետության և ճիշտ լինելու մեջ:
Այսքանը: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ
կատարված աշխատանքի համար: Շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սկսվում է
աշխատանքի նոր, ավելի բարդ ու ծավալուն, միևնույն ժամանակª պատասխանատու փուլ:
Վստահ եմ, որ մենք ամիսներ անց ունենալու ենք հստակ մոտեցումներով ու լուծումներով
փաստաթուղթ՚,- ասել է Սերժ Սարգսյանը: