Արմինֆո.Եթե ինչ-որ մեկը խափանել է հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը, ապա դրանք հենց արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այդ մասին փետրվարի 17-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի այն մեղադրանքների, թե Մոսկվան խափանում է Հարավային Կովկասում խաղաղ ջանքերը։
Այս իմաստով նա Արևմուտքին մեղադրել է իրականությունը նենգափոխելու համար։ Այդ առումով՝ Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ուղարկվել է պատմության աղբանոց այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները շինծու պատրվակով 2022 թվականի փետրվարին դադարեցրել են շփումները ռուս գործընկերոջ հետ։
«Ահա փաստը: Ընդ որում, նման գործողությունների հասկանալի բացատրություններ նրանցից այդպես էլ չեն հետեւել։ Հաշվի առնելով դա՝ մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակներում Երևանին և Բաքվին աջակցություն ցուցաբերելու վրա, հիմնվելով բարձր մակարդակի պայմանավորվածությունների վրա, ինչի մասին բազմիցս խոսել ենք, և դա ամեն ինչ բացատրում է", - նշել է ռուս դիվանագետը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ միջնորդությանը, շարունակել է Զախարովան, ապա մենք չենք տեսնում, որ այն լցված լինի իրական քայլերով և ունենա ինչ-որ հավելյալ արժեք։