Արմինֆո. "Եվրոպայից հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելություն ուղարկելը կարող է խոչընդոտել կարգավորման գործընթացին": Այդ մասին փետրվարի 17-ին Ադրբեջանի միլի մեջլիսի նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նրա հավաստմամբ, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ իր դիրքորոշումը ինքը հայտնել է նաև Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում ձևավորել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելություն (EUMA) ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: Ինչպես ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ, առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ամրապնդել վստահությունը տեղերում և ապահովել պայմաններ, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ը:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում կընդգրկվի մինչև 100 մասնագետ։ Առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար հատկացվել է ավելի քան 8 մլն եվրո։ EUMA-ի նախնական մանդատը գործելու է երկու տարի, իսկ նրա օպերատիվ շտաբը գտնվելու է Հայաստանում։ Քաղաքացիական գործողության հրամանատարը կլինի EEAS-ի քաղաքացիական պլանավորման և վարքի բաժնի (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատը: Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հայտնել է, որ Եվրամիությունը հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակի մոնիթորինգի նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայի ս.թ. փետրվարի 20-ին: Առաքելության կազմում կընդգրկվեն նաև 8 ֆրանսիացի ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին խորհրդարանի ամբիոնից, հիմնավորելով Հայաստանում ԵՄ նոր առաքելության ծավալման պատճառները, նշել էր, որ Բաքուն արևմտյան բազմաթիվ միջազգային հարթակներում, փորձելով հիմնավորել Հայաստանի դեմ իր ագրեսիան, հայտարարում է, որ ՀՀ վարչապետը, Ադրբեջանի սահմանների մոտ ավելացնելով ռուսական զորքերի խմբավորումը, հայկական զինված ուժերի հետ զուգահեռ պատրաստվում է ագրեսիա իրականացնել Ադրբեջանի դեմ, և այդ պատճառով Բաքուն ստիպված է բարձունքներ գրավել ՝ իրավիճակը հավասարակշռելու համար: "Մեզ մեր արեւմտյան գործընկերներն ասում են, թե ինչպես կարելի է, դուք ցանկանում եք գրավել Ադրբեջանի հողերը, ինչի առնչությամբ մենք հանդես ենք եկել դիտորդներ ուղարկելու նախաձեռնությամբ", - նշել է վարչապետը: Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա, կա քաղաքական օրակարգ և կոնկրետ հարց, որը պաշտոնական Երևանը փորձում է լուծել։