Արմինֆո. Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախազգուշացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ռիսկերի մասին։
«Երեկ ու այսօր ԱԳ-ն ու ՆՓ խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից։ Ուզում եմ այդ կապակցությամբ նշել հետևյալը։
1. Ազգային նոր ողբերգություն կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց դելիմիտացիայի։ Այդ պարագայում Ադրբեջանի ձեռքերը կազատվեն նոր ագրեսիա սանձազերծելու խաղաղության պատրվակով։ Բացի այդ, Հայաստանը ստիպված կլինի մեկընդմիշտ մոռանալ Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիս - Կապան -Ճակատեն հատվածում 2020-2022թթ կորցրած հողերը։
2. Ադրբեջանը կստանա իր պահանջած անկլավները և կփակի Երևան-Մեղրի գործող ճանապարհը։
3. Արցախը մի քանի ամսում կվերանա, եթե խաղաղության պայմանագրում նրա կարգավիճակի քննարկման թեզ չլինի։
Տեսեք, հետո չասեք չէինք հասկանում», - գրել է Բագրատյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք. վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին կառավարության նիստում հաղորդել է, որ Հայաստանը նախօրեին ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և փաստաթուղթը փոխանցվել է ադրբեջանական կողմին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին:
«Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ. ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել: Մեր տեսլականը հետևյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների և զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար: Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը չվերակերպվի պատերազմի արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա: Սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն:
Հարգելի գործընկերներ, Կրկին արտահայտում եմ՝ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա, ահա, այսպիսի պայմանագիրն օր առաջ ստորագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը: Ինչպես նախկինում բազմից ասել եմ, ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: