Արմինֆո. Ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ բուն կողմերին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է գտնել լարվածության թուլացման միջոց, որպեսզի այն վերադարձվի համապարփակ և կայուն խաղաղության ուղի: Այդ մասին փետրվարի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ ի պատասխան Հայաստանի ԱԳ նախարարի Թուրքիայի աղետի գոտի այցին գնահատական տալու խնդրանքի։
«Մենք ներգրավված էինք այդ ջանքերում: Մենք մասնակցում ենք այդ ջանքերին երկկողմ հիմունքով, մենք մասնակցում ենք այդ ջանքերին բազմակողմ հիմունքով, և մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ՝ որպես Միացյալ Նահանգներ, անմիջականորեն կողմերի հետ, բազմակողմ հաստատությունների և խմբերի միջոցով, այդ գործը առաջ տանելու համար: Հուսով ենք, որ մյուս երկրները կհղեն ճիշտ նույնպիսի ազդակ, բայց ես ի զորու չեմ պատասխանել այն հաղորդագրություններին, որոնք ուղարկում են այլ երկրներ", - ասել է Փրայսը:
Ի պատասխան Թուրքիայի հանդեպ Հայաստանի մարդասիրական քայլին գնահատական տալու խնդրանքին՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնում, անշուշտ, ողջունում են աշխարհի բոլոր երկրների գործողությունները, որոնք "օգնության ձեռք" են մեկնել փետրվարի 6-ի հզոր երկրաշարժերից տուժած Թուրքիայի եւ Սիրիայի ժողովուրդներին: «Մի շարք երկրներ դրսեւորել են մեծահոգություն, որն անհրաժեշտ կլինի, եթե մենք գործ ունենանք այս հզոր երկրաշարժերի բոլոր հետևանքների հետ: Միացյալ Նահանգները փորձել է օրինակ ծառայել։ Այս պահի դրությամբ մենք արդեն հատկացրել կամ հայտարարել ենք 85 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացման մասին՝ Թուրքիայում և Սիրիայում պատասխան գործողություններին աջակցելու համար։ Պետքարտուղարը հնարավորություն կունենա առաջիկա օրերին այցելել Թուրքիա, հնարավորություն կունենա այնտեղ ականատես լինել, թե ինչ է անում ԱՄՆ կառավարությունը։ Եվ, ես կարծում եմ, որ նա նաեւ կլինի Թուրքիայում, որպեսզի խոսի այն մասին, թե ԱՄՆ-ը էլ ինչ պատրաստ կլինի անել մեր թուրք դաշնակիցների և Սիրիայի ժողովրդի համար առաջիկա օրերին", - ամփոփել է Փրայսը։
Նշենք, որ փետրվարի 15-ին Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Նա նաև այցելել է երկրաշարժից տուժած Ադըյաման, որտեղ հանդիպել է հայ փրկարարների հետ: