Արմինֆո. Հայաստանի քսանից ավելի առաջատար ԶԼՄ-ների ղեկավարներ այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որում խորը մտահոգություն են հայտնել երկրի իշխանությունների կողմից ժողովրդավարության եւ խոսքի ազատության սկզբունքների խախտման առնչությամբ:
Հայտարարության համար առիթ է ծառայել այն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ այն բանի համար, որ նա հանդես է եկել Բարձրագույն դատական խորհրդի որոշման քննադատությամբ և սատարել է իր գործընկերոջը՝ դատավոր Աննա Փիլոսյանին:
«Դատավոր Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ մամուլում հրապարակված միջնորդությունից պարզորոշ երևում է, որ գործադիր իշխանությունը հիմք է ընդունել հանրային հնչեղություն ունեցող խնդրով դատավորի կարծիքն արտացոլող լրատվամիջոցների հրապարակումները։
Այդ առթիվ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներս, լրագրողական կազմակերպություններս մեր վրդովմունքն ու մտահոգությունն ենք հայտնում դատական իշխանությանն անմիջականորեն վերաբերող ու իրենից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցով դատավորի կողմից կարծիք հայտնելը պատժելի դիտարկելու կապակցությամբ։ Դա ուղղակի ոտնձգություն է խոսքի ազատության Սահմանադրական արժեքի նկատմամբ, քանի որ վերագրվող արարքի համար դատավորին պատժելու դեպքում հանրությունը հետայսու կզրկվի ժողովրդավարության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող բանավեճերում դատավորների այլընտրանքային կարծիքներին տեղեկանալու հնարավորությունից: Իշխանություններին կոչ ենք անում հետ կանգնել այդ վտանգավոր նախաձեռնությունից, իսկ խոսքի ազատությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ տալ համապատասխան գնահատական», - ասվում է հայտարարությունում։
Իր 23 գործընկերների հետ միասին հայտարարությունն ստորագրել է նաև ԱրմԻնֆո լրատվական գործակալության ղեկավարությունը: