Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է կառավարության ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
"Նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին",-ասել է Խաչատրյանը։
Փետրվարի 17-19-ը Մյունխենում տեղի կունենա Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովը։ Միջոցառումները նվիրված կլինեն արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության մարտահրավերներին։ Կքննարկվեն ուկրաինական հակամարտության հետ կապված հարցեր. "ինչպիսին է աշխարհը Ռուսաստանի կողմից հատուկ գործողության սկսվելուց մեկ տարի անց, արդյոք հակամարտությունն ավելի դաժան աշխարհի ցուցանիշ է, որտեղ տիրում է անպատժելիությունը, եւ արդյոք այն կարող է դառնալ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի գլոբալ հանձնառության կատալիզատոր", - ասվում է համաժողովի կայքում:
Համաժողովին իրենց մասնակցությունը հաստատած հյուրերի թվում են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան եւ Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը: Ակնկալվում է, որ Մյունխենի անվտանգության համաժողովին ներկա կլինի շուրջ 600-700 մասնակից: Համաժողովին մասնակցելու հայտը հաստատել են նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ռուսաստանի ներկայացուցիչները համաժողովին չեն մասնակցի։