Արմինֆո.Երեւանն ու Անկարան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքի մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ: Այդ մասին փետրվարի 15-ին Անկարայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդ որում, Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու ձգտումը:
"Ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր մենք քննարկել ենք այդ գործընթացին վերաբերող որոշ մանրամասներ, մենք ունենք Անիի կամրջի համատեղ վերանորոգման շուրջ համաձայնագիր, ինչպես նաեւ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ համապատասխան ենթակառուցվածքների մասին հոգ տանելու մտադրություն", - հայտարարել է Միրզոյանը:
Իր խոսքում Հայաստանի նախարարը Հայաստանի Հանրապետության անունից ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել ավերիչ երկրաշարժի զոհ դարձած հազարավոր մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:
"Իմ ժողովրդի պատմության ամենասարսափելի էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ Թուրքիայում հազարավոր ընտանիքների պատուհասած վիշտը։ Նման տարերային աղետները և դրանց մասշտաբները դուրս են գալիս պետությունների սահմաններից՝ վերածվելով համամարդկային ողբերգությունների։ Աշխարհը պետք է գործի միասնական ճակատով ՝ դրանք հաղթահարելու համար։ Ես համոզված եմ, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա մոլորակի ցանկացած կետում հումանիտար ճգնաժամի նկատմամբ", - նշել է Միրզոյանը։
Նրա խոսքով, հենց այդ սկզբունքով է Հայաստանի կառավարությունը որոշել աղետալի երկրաշարժից անմիջապես հետո փրկարարներ եւ մարդասիրական օգնություն ուղարկել Թուրքիա:
"Շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և, ընդհանուր առմամբ, հայկական ներկայության և աջակցության առնչությամբ արտահայտած երախտագիտության խոսքերի համար: Ես շատ ուրախ եմ, որ հայ փրկարարներն իրենց գործընկերների աջակցությամբ կարողացան անել այս իրավիճակում ամենակարեւորը ՝ փրկել մարդկային կյանքեր ։ Խորհրդանշական եմ համարում նաև այն, որ շաբաթ օրը հայ-թուրքական սահմանը, որը շուրջ 30 տարի փակ է եղել, բացվել է դեպի Ադըյաման ուղևորվող մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական բեռնատարների համար ։ Նույնը տեղի է ունեցել երեկ երեկոյան, իսկ մի քանի ժամից հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կժամանի Ադըյաման", - ամփոփել է նա ։