Արմինֆո.Հայաստանից մինչև Հունաստան, արտակարգ իրավիճակների վարչությունից մինչև Կարմիր մահիկ, բոլորն այստեղ են առանց գովազդի, առանց "ես" բառի՝ կյանքեր փրկելու, վերքերը բուժելու համար: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հայ-թուրքական հաշտեցման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
«Առանձին-առանձին մենք մեկ կաթիլ ենք, միասին մենք օվկիանոս ենք: Սա այն օրն է, երբ մենք բոլորս, մի կողմ դնելով մեր ազգությունները, կրոնները, որպես մեկ Աստծո զավակներ, որոշեցինք շարունակել դրսևորել մարդկության և մարդկային համերաշխության բարձրագույն մակարդակը: Աստված օրհնի ձեզ բոլորիդ", - նշել է Քըլըչը։
Հիշեցնենք, որ հայ փրկարարները շարունակում են աշխատանքները Թուրքիայի և Սիրիայի ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններում: Ադըյաման քաղաքի փլուզման շրջաններում կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում նրանք ԱՄՆ որոնողական խմբի հետ միասին հայտնաբերել եւ փլատակներից դուրս են բերել 3 տուժածի: Սիրիայում և Թուրքիայում հայ փրկարարները շարունակում են իրականացնել շենքերի թուլացած և կախված կառույցների ապամոնտաժում, փլատակների քանդում և հատուկ տեխնիկայով դուրս բերում տարածքներից: Որոնողափրկարարական գործողություններին ակտիվորեն մասնակցում է նաև կինոլոգների խումբը։