

Հայաստանի իշխանությունները համաձայնության են եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարության հետ, որպեսզի Հայաստան մատակարարվող գազի սակագինը սահմանին 189 դոլարի փոխարեն դառնա 165 դոլար: Այդ մասին հաղորդում է երևանյան «Ժամանակ» թերթը` վկայակոչելով կառավարությանը
մոտ կանգնած
իր աղբյուրը:
«Դա թույլ կտա չբարձրացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը, ինչին հանգեցնում էր ամերիկյան
դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումը», - նշում է «Ժամանակը», հավելելով,
որ էլեկտրաէնեգրիայի սակագնի բարձրացման հարցը շարունակում է մնալ արդիական` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լուրջ ֆինանսական դժվարությունների առնչությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի
կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և անմշակ ալմաստի Հայաստան
մատակարարումների ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիրը դարձավ Մաքսային
միությանը Հայաստանի անդամակցության նախերգանքը և թույլ տվեց բնական գազի
պայամնագրային գինը 270 դոլարից նվազեցնել մինչև 189 դոլար` 1000 խմ դիմաց: Այդ
փաթեթի կարևորագույն հարցը վերաբերում է Հայաստանի բնական գազի մատակարարումների
գնագոյացման կարգին: Բազային գին է հայտարարվել գործող 189 դոլարը, որի հիմքում
ընկած է գազի գինը ՌԴ Օրենբուրգի մարզում, որը սահմանվել է ռուբլով` որպես
«Գազպրոմի» կողմից արդյունահանվող գազի մեծածախ գնի կարգավորման հիմք: Դրան
ավելանում են մինչև Վրաստանի և Հայաստանի սահման գազի փոխադրման ծախսերը:
Ռուսաստանից Հայաստանի ներքին շուկայի համար բնական գազի
մատակարարումների կազմակերպմամբ զբաղվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (նախկին
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ):


