Արմինֆո.Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում հաղորդել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար։
Քննարկել ենք շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ», - գրել է Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հակառակորդը պարբերաբար խոչընդոտում է Արցախի գազամատակարարմանը: