Արմինֆո. Ստեփանակերտի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են' կապված գերծանրաբեռնվածության հետ: Այդ մասին հաղորդում են «Արցախէներգո» ընկերությունից` Արցախի մայրաքաղաքի բաժանորդներին հորդորելով հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում՝ առաջանում են լուրջ խնդիրներ։
«Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հակառակորդը պարբերաբար խոչընդոտում է Արցախի գազամատակարարմանը: