Beeline-ը և Մանկական
զարգացման հիմնադրամը ամփոփել են «Սովորենք Միասին» ծրագրի արդյունքները։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին
ընկերության մամուլի ծառայությունից, ծրագրի նպատակն է նպաստել 16-25 տարեկան
հատուկ կարիք ունեցող երիտասարդների
սոցիալական հմտությունների և ստեղծագործական մտքի
զարգացմանը, ինչպես նաև նրանց ներառմանը հասարակություն: Շուրջ 20 երեխաներ ու երիտասարդներ շաբաթական 2
օր անց են կացրել կենտրոնում, ստացել հատուկ մանկավարժի և հոգեբանի
ծառայություններ՝ բացահայտելով այն նախասիրություններն ու կարողությունները, որոնք
կօգնեն նրանց հետագայում առավել լիարժեք զգալ հասարակության մեջ։ «Սովորենք Միասին» ծրագրի շրջանակում
աշխատանքներ են իրականացվել նաև երիտասարդների ծնողների հետ, ովքեր ստացել են խորհրդատվություն և տեղեկատվություն
երիտասարդների առկա հնարավորությունները օգտագործելու համար:
«Beeline»-ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց
կյանքը դեպի ավելի լավը։ Քանի որ այս երիտասարդները հազվադեպ են ունենում
հնարավորություն այցելելու պատմամշակութային վայրեր, տեղում ծանոթանալ մշակութային արժեքներին և
մարդկանց կողմից դարեր առաջ ստեղծված պատմությանը, մենք որոշեցինք միասին այցելել
Գեղարդի վանք և այստեղ ամփոփել ծրագիրը», – նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ
Պյատախինը։
«Մանկական զարգացման հիմնադրամը շարունակում է իր
յուրօրինակ համագործակցությունը Beeline-ի հետ: Այս ծրագիրը հնարավորություն է
տալիս բացահայտելու երեխաների և երիտասարդների նախասիրությունները և հետագայում
կապեր հաստատել այն գործատուների հետ, որոնք հետաքրքրված են նրանցով, որ աշխատանքի
ընդունեն արդեն որոշակի հմտություններ ունեցող երիտասարդների: Երեխաներն ու
երիտասարդներն իրավունք ունեն իրենց
օգտակար զգալու մեր հասարակությունում և
իրենց ներդրումն ունենալու որոշ բնագավառներում», - ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2014թ–ի հոկտեմբերից։ Ծրագրի շրջանակում
իրականացվել է բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաև էքսկուրսիա «Մայրի» ՀԿ
արհեստագործական կենտրոն, որտեղ հատուկ կարիք ունեցող երիտասարդներն արհեստներ են սովորում և կարող
են հետագայում օգտագործել դրանք աշխատանք փնտրելիս:
«ԱրմենՏել»
ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի
մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից
մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է
Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության
ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի
տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,
այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում,
Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում,
Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում,
Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ
աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի
ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind»,
«Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի
ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում
էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP
նշումով: