Արմինֆո. Բրազիլիայում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան փետրվարի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, ի թիվս այլ հարցերի, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկա վիճակին, ամփոփել հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունքները և ընդգծել Բերձորի (Լաչինի) միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը:
"Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ներկայիս շրջափակման լուրջ հումանիտար հետեւանքներն անընդունելի են, եւ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը միավորում են իրենց ջանքերը, որպեսզի վերջ դնեն այս իրավիճակին՝ վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ շփումների միջոցով", - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հակառակորդը պարբերաբար խոչընդոտում է Արցախի գազամատակարարմանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ