


Արմինֆո. Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը, Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Լավրովին Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։ Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ երկուստեք տրամադրվածություն հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Ռուսական կողմից շեշտվել է 2020թ. նոյեմբերի 9 - ի, 2021թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի բարձրագույն մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսման կարևորությունը, ներառյալ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների երկխոսության առաջխաղացումը:



