Արմինֆո.Մոսկվան չի հրաժարվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու գաղափարից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը փետրվարի 9-ին միջազգային հրատապ հարցերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նախապատրաստվում է ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում։
Ռուս դիվանագետը նշել է, որ հարցը մշակման փուլում է։ "Մենք այդ գաղափարից չենք հրաժարվում։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք մենք ունենք ՝ առկա պայմանավորվածությունների շրջանակներում կայունացման ուղղությամբ հետագա տեղաշարժի համար հարթակներ եւ ձեւաչափ տրամադրելու տեսանկյունից", - ամփոփել է Ռյաբկովը։
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 23 - ին նախատեսված էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում' հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար: Հանդիպումից մեկ օր առաջ հայկական կողմը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը, դա պայմանավորելով այն հանգամանքով, որ Ադրբեջանը արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Փետրվարի 8-ին Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է մասնակցել այդ հետաձգված հանդիպմանը, երբ նման հանդիպումը համարի հնարավոր եւ տեղին։