Արմինֆո. Ես ուշադիր հետեւում եմ հումանիտար ճգնաժամին, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները։ Այս մասին ասված է Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա - Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյի նամակում։
Նա նշել է, որ ադրբեջանական ագրեսիան հազարավոր հայերի ստիպել է լքել իրենց տները՝ թողնելով նրանց առանց առաջին անհրաժեշտության իրերի, ինչպիսիք են սննդամթերքն ու դեղորայքը։ "Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել հումանիտար այս սուր ճգնաժամը լուծելու համար, վերջ դնել բռնությանը եւ ապահովել բոլոր տեղահանված անձանց անվտանգ վերադարձը իրենց տներ: Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ապահովի հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը։ Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը եւ ապահովել տեղաշարժի ազատությունը, կատարել քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց պարտավորությունները, կատարել միջազգային մարդասիրական իրավունքի գծով իրենց պարտավորությունները եւ հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը", - նշվում է կանադացի պատգամավորի նամակում:
Հավելենք նաև, որ Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև։ "Փետրվարի 8-ին Քվեբեկի Ազգային ժողովի նիստում Լիբերալ կուսակցության անդամ Սոնա Լախոյանը ընթերցել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևը, որն ընդունվել է ԱԺ բոլոր կուսակցությունների կողմից։ Ազգային ժողովի որոշման համաձայն, բանաձեւը կուղարկվւ Կանադայի արտաքին գործերի նախարարություն եւ Կանադայում Ադրբեջանի դեսպանատուն", - նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հակառակորդը պարբերաբար խոչընդոտում է Արցախի գազամատակարարմանը: