Արմինֆո.Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել 29 հայ փրկարարների խմբին տեղափոխող բեռնատար ինքնաթիռը՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Այդ մասին հաղորդում են սիրիական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Հայաստանի ՆԳՆ-ից հաղորդել էին, որ Սիրիա է գործուղվել 29 մասնագետ, իսկ Թուրքիա ՝ 27: Մասնագետներն ուղարկվել են տարերային աղետի հետևանքների հաղթահարմանն աջակցելու նպատակով։
Բացի այդ, այսօր երեկոյան սպասվում է հումանիտար օգնությամբ հայկական ինքնաթիռի ժամանումը Սիրիա։
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժից հետո 3-րդ օրը փլատակներից մարդկանց փրկելու շանսերը գնալով նվազում են։ Զոհերի թիվը, վերջին տվյալներով, գերազանցել է 9000-ը ։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով ՝ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 6 957-ի ։ Սիրիայում պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհվել է մոտ 2500 մարդ ։ Թվերը շարունակում են աճել, փլատակների տակ դեռ մարդիկ կան։