Արմինֆո. Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Այդ մասին հաղորդում են հայկական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ մոտ 10 օր առաջ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան՝ Արցախի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումն ու քաղաքականությունը ճշտելու նպատակով, և այնտեղից վերադարձել մի քանի օր առաջ՝ լավատեսորեն տրամադրված։
Նշվում է, որ նրանից հետո Մոսկվա է մեկնել պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով դեռ Ռուսաստանում է։
Հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներում արդեն սկսել են շահարկել այդ թեման, նշելով, թե Վարդանյանն, իբր, "փախել" է Մոսկվա։ Նշենք, որ դա Ադրբեջանի նվիրական երազանքն է, որը շատ ծանր է տարել գործարարի ու բարերարի Արցախ տեղափոխվելու փաստը։ Հատկանշական է, որ արդեն 59 օր արգելափակված Բերձորի միջանցքի ապաշրջափակման պայմաններից մեկը Վարդանյանի հրաժարականն է։ Բաքվում, չգիտես ինչու, շատ վախեցած են գործարարի Արցախ տեղափոխությունից։ Ինքը՝ Վարդանյանը, բազմիցս ասել է, որ մտադիր չէ հեռանալ Արցախից և մինչև վերջ կմնա ղարաբաղցիների կողքին։