Արմինֆո.Փետրվարի 7-ին կայացել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանի և Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Տրայան Հրիսթեայի հանդիպումը։
Ինչպես հաղորդել է Ռումինիայում ՀՀ դեսպանությունը, շնորհավորելով զրուցակցին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ, դեսպան Մինասյանը համոզմունք է հայտնել, որ պարոն Հրիսթեայի դիվանագիտական փորձառնությունը, այդ թվում նաև որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, մեծապես կնպաստի իր առջև դրված պատասխանատու խնդիրների լուծմանը։
Երկուստեք կարևորվել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման նշանակությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղությանն և կայունությանը նպաստող գործոն։ Հույս է հայտնվել, որ էներգետիկ շահերը չեն վեր դասվի մարդու հիմնարար իրավունքներից և համամարդկային արժեքներից նաև Հարավային Կովկասում։
Դեսպան Մինասյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն խախտում են և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտմանը:
Կողմերը քննարկել են նաև հայ-ռումինական երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր: