Արմինֆո.Իրավիճակը Հարավային Կովկասում եղել է Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների օրակարգում։ Այս մասին փետրվարի 7-ին հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Կարեւորելով տարածքային ամբողջականության եւ սահմանի անխախտելիության ապահովումը' դիվանագետը նշել է, որ 1991 թվականին երկու պետությունների կողմից անկախության հռչակումը կարեւոր իրադարձություն էր տարածաշրջանի համար: Նախարարը փաստել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 30 տարի շարունակվող հակամարտությունը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ "Վերքերը խորն են ։ Մենք միամիտ չենք և գիտենք, որ դրանք շուտով չեն բուժվի։ Սակայն վերջին շրջանում քայլեր են ձեռնարկվում", - նշել է Բերբոքը։
Միաժամանակ, նա հիշեցրել է, որ դեկտեմբերի կեսերից Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միակ միջանցքը փակ է։ "Լեռնային Ղարաբաղում դեղերի եւ պարենի պակաս կա, ընտանիքները բաժանված են, աշակերտները չեն կարողանում դպրոց հաճախել ջեռուցման բացակայության պատճառով, էներգիայի մատակարարում չկա։ Կարևոր է անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է կատարեն իրենց պարտավորությունները", - հայտարարել է Բերբոքը։
Գերմանիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ԵՄ-ն որոշում է կայացրել երկարաժամկետ մոնիթորինգային առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման, և Գերմանիայի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն կունենան առաքելության աշխատանքներին: "Ուզում եմ հատուկ նշել, որ, որպես ԵՄ ներկայացուցիչ, մենք չեզոք դիտորդներ ենք։ Խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն բանակցությունների միջոցով", - հայտարարել է Բերբոքը ՝ ողջունելով ԵՄ միջնորդական ջանքերը։
Ընդ որում, նա արձանագրել է, որ կողմերը հարց են տալիս, թե արդյոք կհարգվի խաղաղության համաձայնագիրը՝ դրա ստորագրման դեպքում, արդյոք կպահպանվեն փոքրամասնությունների իրավունքները: Այս առումով նա մատնանշել է խաղաղության ճանապարհին չորս կարևոր կետ:
"Առաջինը դիակների որոնումն ու հարազատներին վերադարձնելն է, գործընթացն իրականացնում է ԿԽՄԿ-ը։ Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանը սահմանազատված չէ, և դա փոխհրաձգություններ է հրահրում։ Առանց հստակ սահմանի՝ խաղաղությունը հեռու է: Գերմանիան պատրաստ է աջակցել սահմանի սահմանազատմանը։ Երրորդը ականազերծումն է, դրան Գերմանիան արդեն աջակցում է։ Չորրորդ՝ ինչպես օգնել երկրներին խաղաղաշինության գործում։ Մեր մասնակցությունը Հարավային Կովկասում բխում է ընդհանուր եվրոպական շահերից։ Եթե մեզ շրջապատող միջավայրը անվտանգ չէ, մենք ապահով չենք լինի: Երկարատև խաղաղությունը տնտեսական օգուտներ կստեղծի: Մենք ցանկանում ենք Հարավային Կովկասը կապել Եվրոպայի հետ եւ կապեր հաստատել Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի միջեւ", - հաղորդել է նախարարը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ փոխգործակցությանը՝ Բերբոքը նշել է, որ գազից կախվածությունն իրենց սովորեցրել է, թե ինչ է նշանակում կախվածություն ունենալ ։ "Դա կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ։ Այժմ, երբ մենք ձերբազատվել ենք ռուսական գազից կախվածությունից, մենք փնտրում ենք նոր գործընկերներ և փորձում ենք փոխհատուցել էներգետիկ կորուստները և վերացնել ճգնաժամը։ Գերմանիան և ԵՄ մյուս երկրները վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղիներ են փնտրում։ Բայց դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք մարդու իրավունքներն ու իրավական պետության սկզբունքները", - ամփոփել է Գերմանիայի արտգործնախարարը։