Արմինֆո. Արցախյան մի շարք ՀԿ-ների կողմից հրապարակվել է շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց: Այդ մասին հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
«Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված, սույն զեկույցը՝ որպես այլընտրանքային զեկույց ուղարկել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։ Այն հասանելի է նաև Արցախի ՄԻՊ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://artsakhombuds.am/hy/document/991», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հակառակորդը պարբերաբար խոչընդոտում է Արցախի գազամատակարարմանը: