Արմինֆո.Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ Այդ մասին հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հակառակորդը պարբերաբար խոչընդոտում է Արցախի գազամատակարարմանը: