Արմինֆո. Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Նշենք, որ փետրվարի 6-ին, ժամը 04:17-ին Քահրամանմարաշում տեղի էր ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 37 կմ հեռավորության վրա, օջախը ՝ 10 կմ խորության վրա։ Տարբեր քաղաքներում հարյուրավոր շենքեր են փլուզվել, Հաթայ նահանգում պայթյուն է որոտացել գազատարի վրա։ Երկրաշարժին հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ, ամենահզորը ՝ 6,6 մագնիտուդով: Սիրիայում խիստ տուժել է Հալեպի պատմական կենտրոնը ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Իրաքում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդել է, որ Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ Է դարձել 912 մարդ, 5 հազար 385 մարդ վիրավորվել է: "Այսօր տեղական ժամանակով ժամը 04.17-ին տեղի ունեցած երկրաշարժը դարձել է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր աղետը 1939 թվականի Էրզինջանի երկրաշարժից ի վեր ։ Ցավոք, 912 զոհերի թիվը վերջնական չէ", - ասել է Թուրքիայի նախագահը։
Հարևան Սիրիայում, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 450 մարդ, այդ թվում ՝ երկու հայ ։ Երկու երկրներում էլ հազարավոր տներ են ավերվել։ Փլատակների տակ մարդիկ են մնում։