Արմինֆո.Ֆրանսիան չափազանց մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը՝ RTVi News-ի հետ հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Ֆրանսիան լքեց հայերին։
Ֆրանսիացի դիվանագետը չի համաձայնել նման պնդման հետ եւ ընդգծել է, որ Փարիզը մշտապես պահանջում է, որ այդ միջանցքն ապաշրջափակվի, որպեսզի պարենային եւ հումանիտար օգնությունը հասցվի բնակչությանը: "Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի առաջացման իրական վտանգ կա։ Բացի այդ, մենք ցանկանում ենք և աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը", - նշել է Լեժանդրը։
Այս առումով նա նաեւ հիշեցրել է եվրոպական միջնորդության մասին, որին Ֆրանսիան, անշուշտ, աջակցում է ։ Լեժանդրը նաեւ հավելել է, որ հենց Ֆրանսիայի նախագահի շնորհիվ է, որ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են միմյանց հետ խոսել անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակներում: "Մենք որոշել ենք այդ շրջանակներում Եվրամիության առաքելություն ուղարկել Հայաստանի սահման՝ լարվածությունը նվազեցնելու եւ նրա սահմանների պահպանումն ապահովելու նպատակով", - ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Դիտարկմանը, թե Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները չեն տեսնում Ֆրանսիայի օգնությունը, Լեժանդրը նշել է, որ չի կիսում նման պնդումները։ "Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին կա, և այն հստակ արտահայտված է։ Դա արտահայտվել է պետական ամենաբարձր մակարդակով։ Դուք գիտեք, որ հանրապետության նախագահն անձամբ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մենք կարողանանք վերսկսել բանակցությունները, որպեսզի այս իրավիճակը կարգավորվի, և լարվածությունը նվազի", - եզրափակել է Լեժանդրը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հակառակորդը պարբերաբար խոչընդոտում է Արցախի գազամատակարարմանը: