Արմինֆո. Հայաստանի Սյունիքի մարզով միջանցքը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի համար ռազմավարական և աշխարհաքաղաքական ազդեցություն կունենա։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքական գործիչ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովը։
"Ի՞նչ է Զանգեզուրի միջանցքը։ Այդ միջանցքը ռազմավարական և աշխարհաքաղաքական ազդեցություն կունենա Թուրքիայի համար։ Նա կապահովի Թուրքիայի ուղիղ ելքը ոչ միայն Ադրբեջանի տարածք, այլև Կասպից ծովով դեպի Միջին Ասիա։ Ամեն ինչ կընթանա այդ միջանցքով, այսինքն ՝ Կասպից ծով, Հարավային Կովկաս, միայն, հիմա ոչ թե շրջանցելով Հայաստանը, Վրաստանով, այլ՝ ուղիղ Զանգեզուրով. սա հարավային Հայաստանն է։ Ի՞նչ կտա դա Հայաստանին։ Հայաստանի Հանրապետություն կամ Արևելյան Հայաստանի Հանրապետություն կոչվող նախագծի ավարտ", - համոզված է փորձագետը։
Իր այս տեսակետը նա պայմանավորել է այն հանգամանքով, որ միջանցքը կկտրի Հայաստանի հարավային մասը ՝ այն հատվածը, որը սահմանակից է Իրանին։ Նրա խոսքով ՝ Հայաստանից կմնա մի փոքրիկ կտոր։
Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ողջ տարածքում գերիշխելու է Թուրքիան։ "Այն, որ այդ հատվածում, բայց նաև Հայաստանի ողջ տարածքում գերիշխելու է Թուրքիան, միանգամայն ճիշտ իրավիճակ է", - ասել է նա՝ Սոլովյով-լայվ ուղիղ եթերում։
Նշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Հայաստանի տարածքով ստանալ արտատարածքային միջանցք, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ։ Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ հայտարարել է, թե "Զանգեզուրի միջանցքի բացումը օգուտ կբերի բոլոր կողմերին և խաղաղություն ու կայունություն կբերի ողջ տարածաշրջանին" ։