Արմինֆո. Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի լեհական ազգային կոմիտեի ասոցիացիայի գործադիր տնօրենի տեղակալ Ռենատա Բեմի հետ։
Ինչպես հաղորդում է ՀՀ դեսպանության մամուլի ծառաայությունը, հայ դիվանագետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությանը: Նա կարևորել է ստեղծված իրավիճակում երեխաների կենսական իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը՝ անդրադառնալով նաև ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Հայաստանից Արցախ մեկնող երեխաներին ահաբեկելու դեպքին, որը երեխաների իրավունքների կոպտագույն խախտում է։
Սամվել Մկրտչյանը կարևորել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի նմանօրինակ խախտումներին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների կողմից շարունակական գործուն քայլերի և հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը։