Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լուիս Լ. Բոնոյին նշանակել է Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնում։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, այդ պաշտոնում պ-ն Բոնոն կաշխատի «տարածաշրջանային առաջնորդների հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու ուղղությամբ և կզբաղվի Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի հարցերով»։
«Պ-ն Բոնոն նախկինում եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ՄԱԿ-ի կառույցների գծով ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատարը Վիեննայում, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Վատիկանում և ունի երկկողմ և բազմակողմ ձևաչափով աշխատանքի մեծ փորձառություն։ Նա նաև ղեկավարել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակը, աշխատել Ազգային անվտանգության խորհրդրում, եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսության ու բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականը։ Նա Ցամաքային ուժերի պահեստազորի պաշտոնաթող անդամ է, դասավանդել է Վեսթ Փոյթնում ու Ցամաքային ուժերի ռազմական քոլեջում։
ԱՄՆ-ը հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման գործում: Պ-ն Բոնոն Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը խթանելու նպատակով կաշխատի ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ համախոհ գործընկերների (ինչպիսին է Եվրոպական Միությունը) և միջազգային կազմակերպությունների հետ (ինչպիսին է ԵԱՀԿ-ն)։ Պ-ն Բոնոյի նշանակումը վերստին հաստատում է Միացյալ Նահանգների համար Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, ինպես նաև Վրաստանի հարցով Ժնևի միջազգային քննարկումների կարևորությունը, որը Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի 20 տոկոսի շարունակվող օկուպացիան դիտարկող միակ ձևաչափն է», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Ֆիլիպ Ռիքերը լքել էր Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը։