Արմինֆո. Փետրվարի 2-3-ը Ալմա Աթայում Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում տեղի կունենա Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն, Միխայիլ Միշուստինը երկօրյա այցով կմեկնի Ալմա Աթա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և "Digital Almaty 2023.թվային գործընկերությունը նոր իրականության մեջ" թվային համաժողովն։ Նախատեսված են Միշուստինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի կառավարության ղեկավար Ռոման Գոլովչենկոյի և Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ:
Հաղորդագրության համաձայն, նիստին ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությունը, արդյունաբերական կոոպերացիայի, միասնական շուկաների ֆինանսավորումը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացումը, տեխնիկական կարգավորումը և համագործակցությունը էներգետիկ ոլորտում: Նիստի օրակարգի առանցքային կետերից մեկը կդառնա Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների զեկույցը: Բացի այդ, սպասվում է նաև զեկույց ԵԱՏՄ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի մասին։ Եվս մեկ թեմա կդառնա ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը և էլեկտրաէներգիայի միջպետական հաղորդման ծառայությունների հասանելիության կանոնների հաստատումը։
"Հատուկ շեշտադրվելու է միության շրջանակներում նոր համաձայնագրերի նախագծերի նախապատրաստումը՝ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային պայմանագրի եւ ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի", - նշել են Ռուսաստանի կառավարությունում:
Վարչապետներին կներկայացվի հաշվետվություն "Եվրասիական ագրոէքսպրես" գյուղատնտեսական արտադրանքի արագացված երկաթուղային փոխադրումների իրականացման վերաբերյալ ԵԱՏՄ երկրների համատեղ նախագծի իրականացման և դրան նոր մասնակիցների միացման հնարավորության մասին:
Անուշադրության չի մատնվի նաև թվային օրակարգը. պատվիրակությունները կքննարկեն ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ձևավորման աշխատանքների ընթացքը ։
ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Միավորումում դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը։