Արմինֆո. 2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։
Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից երկրորդ ամիսը պաշարված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին։
2022 թվականի դեկտեմբերի 16-ին Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոն պաշտոնական հարցում էր հղել Բորելին՝ խնդրելով պատմել, թե ինչ որոշակի քայլեր է ձեռնարկում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար ՝ ադրբեջանական շրջափակման ֆոնին; արդյոք կերկարաձգվի ԵՄ մոնիթորինգային առաքելության մանդատը, արդյոք կավելանա տեղակայված փորձագետների թիվը, և արդյոք սահմանափակող միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների նկատմամբ։
Բորելի պատասխանում նշվում է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: «Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների», - ասվում է եվրոպացի պաշտոնյայի պատասխանում:
Միեւնույն ժամանակ, Բորելը հիշեցրել է, որ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնությանը համապատասխան, Հայաստանում երկու ամսով տեղակայվել էր ԵՄ դիտորդական առաքելություն, որն իր գործունեությունն ավարտել էր 2022 թ. դեկտեմբերի 19-ին: Ընդ որում, նա արձանագրել է, որ ԵՄ-ն սկսել է Հայաստանի հետ փոխգործակցության նոր փուլ, որոշելով Հայաստանում տեղակայել Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ ի պատասխան հայկական կողմի խնդրանքի:
Նրա ասելով, առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ը:
Միեւնույն ժամանակ, Բորելը հավաստիացրել է, որ պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության նպատակներն առաջ մղելու համար, և այս դեպքում դրանք չեն դիտարկվում: «Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, ինչին երկու երկրների ղեկավարներն էլ հայտնել են իրենց հանձնառությունը», -ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն երկրորդ ամիսը գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հակառակորդը պարբերաբար խոչընդոտում է Արցախի գազամատակարարմանը: