ՀՅԴ կառավարող կոալիցիա մտնելու հարց չի քննարկվում: Այդ
մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ գերագույն մարմնի
ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Ինչպես գրել է «Հրապարակը», դաշնակցականների և
իշխանության միջև ակտիվ բանակցություններ են ընթանում կոալիցիա մտնելու շուրջ: Ընդ
որում նշվում է, որ իշխանությունները պատրաստ են 5 նախարարական պորտֆել տրամադրել
կուսակցությանը, հիմնականում` սոցիալական բլոկի: «Ոչ մի բանակցություն չկա,
հետևաբար` նման հարցեր էլ չեն քննարկվում», - իր հերթին ասել է Վարդանյանը:
Ավելի
վաղ ՀՅԴ-ն դուրս էր եկել ոչ իշխանական քառյակից, գործնականում, պաշտպանելով
իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Իսկ Սերժ Սարգսյանի
և Գագիկ Ծառուկյանի միջև առճակատման ժամանակ դաշնակցականները միջնորդի դեր էին
ստանձնել նախագահի և ԲՀԿ նախկին առաջնորդի
հաշտեցման գործում: