Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ում արձագանքել են Երուսաղեմում հայերի վրա իսրայելցի արմատականների հարձակումներին
«Մենք խորապես մտահոգված ենք բռնությունների և վանդալիզմի վերջին գործողությունների կապակցությամբ՝ ուղղված Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանին և Հին քաղաքի հայ բնակիչներին», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Իսրայելի հայկական մշակույթի և կրթության կենտրոնը դիմել էր երկրի ղեկավարությանը ' Երուսաղեմում հայերի վրա հարձակումների հաճախակիացման կապակցությամբ: Հավելենք, որ Երուսաղեմցի սարկավագ Աղան Գոգչյանը հունվարի 28-ին լրատվամիջոցներին պատմել էր Սուրբ հողում հայերի վրա հարձակումների մասին։ Նա հաղորդել էր, որ երկու հրեա արմատականներ փորձել են խանգարել հայ տղաների տեղաշարժին Լացի պատի մոտ, և նրանցից մեկի աչքին արցունքաբեր գազ են լցրել։ Նույն օրը հրեա ծայրահեղականների մեկ այլ խումբ փորձել է բարձրանալ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի տանիք և պոկել խաչն ու Հայաստանի դրոշը։
Քաղաքում սկսել են հայտնվել քրիստոնյաների, արաբների և հայերի նկատմամբ բռնության կոչերով պաստառներ։ Շաբաթներ առաջ վանդալիզմի ակտեր էին գրանցվել Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող հայկական եկեղեցու պատերին։