Արմինֆո.«Հայաստան իմ այցի գլխավոր նպատակը Երեւանի եւ Բրյուսելի միջեւ քաղաքական եւ անվտանգության հարցերի շուրջ երկխոսության մեկնարկն է», - հայտարարել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան՝ Հանրային հեռուստաընկերությանը բացառիկ հարցազրույցում։
Ընդ որում, նա փաստել է, որ ԵՄ-ն առաջին անգամ է նման երկխոսություն վարում Հայաստանի հետ։ "Սա եւս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքանով ենք մենք շահագրգռված երկկողմ հարաբերությունների զարգացմամբ", - ասել է եվրոպացի պաշտոնյան:
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների ներկա վիճակին եւ համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման ընթացքին գնահատական տալու խնդրանքին ի պատասխան՝ Մորան համոզմունք է հայտնել, որ Երեւանն ու Բրյուսելը երբեք նման լավ հարաբերություններ չեն ունեցել: "Մենք երբեք այսքան մոտ չենք եղել, որքան հիմա։ Ինչպես նշվեց, տարիներ առաջ մենք ստորագրեցինք այդ համաձայնագիրը՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ։ Այժմ մենք որոշում ենք կայացրել քաղաքացիական առաքելություն տեղակայել Հայաստանում։ Մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, ցանկանում ենք համագործակցել և օգնել հայ ժողովրդին", - ընդգծել է նա։
Փակագծերը բացելու եւ պատմելու խնդրանքին, թե ինչ է նշանակում "երկխոսություն քաղաքականության եւ անվտանգության հարցի շուրջ", եւ որոնք են լինելու դրա առաջնահերթությունները, Մորան նշել է, որ նման երկխոսությունն իրականում միմյանց ավելի լավ հասկանալու միջոց է: Նրա խոսքով ՝ ԵՄ-ում Հայաստանն իսկապես դիտարկում են որպես գործընկեր Հարավային Կովկասում։
"Մեզ համար կարեւոր է իմանալ, թե այստեղ ինչ են մտածում, ինչպես են տեսնում արտաքին աշխարհը, որոնք են արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Իսկ Հայաստանի համար կարևոր է հասկանալ մեր արտաքին քաղաքական նպատակները, որոնք ներառում են նաև անվտանգության կարևոր տարր, որի շրջանակներում տեղի է ունենալու փորձի փոխանակում։ Հենց այդ պատճառով մենք որոշում ենք կայացրել քաղաքացիական առաքելություն տեղակայել ՝ վստահություն ձեւավորելու եւ տեղեկատվություն ստանալու համար", - հստակեցրել է նա։
Ճշգրտող հարցին, թե արդյոք այս երկխոսությունը որևէ կերպ կվերաբերի ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացմանը, Մորան վստահեցրել է, որ Հայաստանի և ԵՄ դիրքորոշումները համահունչ են խաղաղության հասնելու հարցում: "Մենք երկուսս էլ խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում ։ Դա է հիմնական նպատակը", - ասել է պաշտոնյան, հիշեցնելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կարեւոր հանդիպման մասին, որն անցկացվել է Պրահայում ՝ Եվրախորհրդի ղեկավարի միջնորդությամբ։ Ընդ որում, նա ափսոսանք է հայտնել, որ անցյալ տարվա վերջից այլեւս հանդիպումներ չեն եղել։ "Դրա հետ մեկտեղ, մենք կաթվածահար վիճակ ունենք Լաչինի միջանցքում։ Մենք քաջ գիտակցում ենք դրա հումանիտար հետևանքները։ Մենք իսկապես փորձում ենք ինչ - որ կերպ օգնել շրջափակման մեջ հայտնված հայերին", - ասել է եվրոպացի պաշտոնյան։
Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ն կարող է Հայաստանին օգնություն ցուցաբերել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցում։ Նրա խոսքով ՝ դա իրենց հիմնական նպատակն է ։ Նա կարծում է, որ չնայած բարդությանը, պետք է շարժվել դեպի խաղաղություն Հարավային Կովկասում։
Ի պատասխան Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը հայտնելու խնդրանքին՝ Մորան հավաստիացրել է, որ ԵՄ-ում առաջին իսկ օրվանից հետեւում են իրավիճակին, բազմաթիվ շփումներ են եղել ԵՄ ներկայացուցիչների եւ ադրբեջանական կողմի միջեւ: "Մենք կարծում ենք, որ շրջափակումը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի, քանի որ կապված է հազարավոր մարդկանց կյանքի հետ ։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ։ Միևնույն ժամանակ, դա պատերազմից տարիներ առաջ տեղի ունեցած պայմանավորվածությունների արդյունք է։ Ինչպես տեսնում ենք, ռուսական խաղաղապահ զորակազմն առնվազն արդյունավետ չէ։ Եվ մենք իսկապես շահագրգռված ենք խոսել Ադրբեջանի հետ շրջափակումը դադարեցնելու համար, քանի որ ստեղծված իրավիճակի պատճառով մարդիկ են տուժում", - ասել է պաշտոնյան։
ԵՄ քաղաքացիական առաքելության կազմի մասին պատմելու խնդրանքին ի պատասխան՝ նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դրա նպատակն է տեղում իրավիճակի մշտադիտարկումն ու իրազեկումը, մարդկանց անվտանգության ապահովումը և, ի վերջո, գլխավոր նպատակին՝ Եվրամիության միջնորդությամբ խաղաղության հասնելը։ Նա նշել է, որ ԵՄ-ում ակնկալում են, որ 100 մասնագետներից բաղկացած առաքելությունն արդյունավետ կլինի։