Արմինֆո. Արգենտինան մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության հայտարարությունում:
"Ընդգծում ենք բնակիչների ազատ տեղաշարժի, մարդու իրավունքների պաշտպանության եւ վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը", - ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հավելենք նաև, որ հունվարի 17-ին ՝ կեսօրին մոտ, թշնամական կողմը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Բանակցությունների միջոցով հաջողվել էր երեկոյան վերականգնել գազամատակարարումը։ Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Հունվարի 20-ին ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, իսկ հունվարի 22-ին ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել էր գազատարը։ Գազամատակարարումը վերսկսվել է հունվարի 26-ի երեկոյան: