Արմինֆո."Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի համար, քանի որ մեր նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է", - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Ադրբեջանի գծով զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները համատեղ հայտարարությամբ անդրադարձել էին Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։ "Մենք կոչ ենք արել իշխանություններին բացել Լաչինի միջանցքը, նույնպիսի կոչ է հնչել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի կողմից։ Նորվեգիայում իմ կառավարությունը նույնպես համառորեն կոչ է անում իշխանություններին միջանցքը բացել", - հայտարարել է նա։
Խոսելով իրավիճակն ուսումնասիրելու նպատակով ընթացիկ տարվա գարնանն Ադրբեջան կատարելիք իր այցի մասին, ինչպես նաև այն մասին, որ Բաքվի իշխանությունները թույլ չեն տալիս միջազգային դիտորդների մուտք գործել հակամարտության հետևանքով տուժած տարածք՝ իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար, Քրիստոֆերսենը նշել է, որ այդ դեպքում ինքը ստիպված կլինի ապավինել մի քանի աղբյուրների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, Կարմիր Խաչին, Amnesty International-ին և Հելսինկյան կոմիտեին։ "Բացի այդ, ես կարող եմ տեղեկատվություն խնդրել Նորվեգիայի կառավարությունից, ԵՄ-ն աշխատում է այդ ուղղությամբ։ Տեղեկատվություն հավաքելու մի քանի հնարավորություն կա, և՝ կախված չլինելու միայն այն բանից, թե ինչ կարող ենք տեսնել դեպքի վայրում", - ասել է նա:
Նշենք, որ Լիզ Քրիստոֆերսենը ավելի վաղ ներկայացվել էր Ադրբեջանի հարցով զեկուցողի պաշտոնում, ինչի մասին հիշատակվում է նաեւ Կայունության եվրոպական ինստիտուտի (ESI) սկանդալային հայտնի զեկույցում, որը ԵԽԽՎ-ի ներսում կոռուպցիայի համար մեղադրանքների հետաքննություն էր անցկացնում: Հաշվետվությունում նշվում է, որ Քրիստոֆերսենի թեկնածությունն Ադրբեջանի կողմնակիցներն արգելափակել էին Ադրբեջանի հարցով զեկուցողի պաշտոնում՝ 2009 թվին: Այն ժամանակ կողմնակիցներին հաջողվել էր այդ պաշտոնում նշանակել "իրենց մարդուն"՝ Դեբոնո Գրեչին։