


Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և պատասխան տա կատարած հանցանքի համար, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
ՙՆույնիսկ եթե աշխարհի բոլոր երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց Թուրքիան շարունակի ժխտման քաղաքականությունը, խնդիրը կշարունակի մնալ օրակարգում, քանի որ հանցագործը պատիժ չի կրել կատարած հանցանքի համար՚,- նշել է պատգամավորը:
Ըստ որում, Պողոսյանը գտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է բարձրացվի բոլոր հարթակներում ու մշտապես, և պետք է վերջ դնել ՙապրիլյան դիվանագիտությանը՚:
Քաղաքական գործիչը նշել է, որ հայկական երեք քաղաքական ուժերի /Հայաստանի հանրապետական կուսակցություն, ՙԺառանգություն՚, ՙՕրինաց երկիր՚-խմբ./ գրագետ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մշակել փաստաթուղթ, որը ճանաչվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից:
Պողոսյանի խոսքով, միայն ամենօրյա և համախմբված աշխատանքի շնորհիվ կարելի է հաջողության հասնել այդ հարցում:
Նա նաև վստահ է, որ Թուրքիան միշտ գործել է`ելնելով սեփական շահերից, ոչինչ չի փոխվել, և Անկարան կշարունակի իր խորամանկ դիվանագիտությունը: ՙՀնարավոր է, լինեն նաև սադրանքներ՚,- եզրափակել է պատգամավորը:
Նշենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մարտի 3-ին Բրյուսելում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել:Բանաձևում Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է հայկական ցեղասպանության և հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում է այն ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:



