Արմինֆո. Բաքվում ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA) գրասենյակի ղեկավարն այսօր հրավիրվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դրա համար առիթ է հանդիսացել կազմակերպության երևանյան գրասենյակի հայտարարությունը։
"Մտահոգություն է հայտնվել Լաչինի ճանապարհի իրավիճակի վերաբերյալ հունվարի 24 - ին կազմակերպության կողմից արված կանխակալ, իրականությանը չհամապատասխանող հայտարարության կապակցությամբ", - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA) հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
"UNFPA-ն աջակցում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին ՝ լարվածությունը թուլացնելու և Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Սա կարևոր նշանակություն ունի տուժած բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար: UNFPA-ն պատրաստ է աշխատել բոլոր կողմերի հետ հումանիտար սկզբունքներին համապատասխան, որպեսզի ապահովի հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը", - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի բնակչությունն արդեն մեկ ամսից ավելի գտնվում է շրջափակման մեջ ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Հունվարի 9-ից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից ՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հովհարային անջատումներ են տեղի ունենում։ Ավելին, հունվարի 12-ին թշնամական կողմը վնասել էր նաև երկրի բնակչությանը ինտերնետով և հեռախոսակապով ապահովող կապի մալուխը, որը վերականգնվել է հունվարի 14-ին՝ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Հավելենք նաև, որ հունվարի 17-ին ՝ կեսօրին մոտ, թշնամական կողմը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Բանակցությունների միջոցով հաջողվել էր երեկոյան վերականգնել գազամատակարարումը։ Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Հունվարի 20-ին ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, իսկ հունվարի 22-ին ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է գազատարը։