Արմինֆո.Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ դեսպան Գեորգի Շարվաշիձեի հետ:
Ինչպես հաղորդում Է Վրաստանի կառավարության աշխատակազմը, Ղարիբաշվիլին շնորհավորել է Շարվաշիձեին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա աշխատանքում:
"Նշվել է, որ Վրաստանին եւ Հայաստանի Հանրապետությանը կապում են սերտ բարեկամական եւ բարիդրացիական հարաբերություններ, եւ հույս է հայտնվել, որ ապագայում ակտիվ համագործակցություն կլինի տարբեր ոլորտներում", - ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ:
Գեորգի Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ, մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ: Գեորգի Շարվաշիձեն տարբեր պաշտոններ է զբաղեցրել կրթության և գիտության նախարարությունում, այդ թվում ՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոն։ Զբաղվել է նաև գիտական և մանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր։ Բացի այդ, 2004-2013 թվականներին նա աշխատել է որպես Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն: